Գետի ափին տկար ես, գետն անցար՝ Կեսար ես:

Главная | Регистрация | Вход
Суббота, 12 Июл 2025, 13:16
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
ГИД В НИЦЦЕ
Категории раздела
Сказки, рассказы, истории. [14]
Научные труды и иследования [4]
Côte d'Azur
Musique
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » Статьи » Сказки, рассказы, истории, труды. » Сказки, рассказы, истории.

Անխելք մարդը - Հովհաննես Թումանյան
 Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում: Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե` պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից ու ինձ համար մի բան խնդրեմ:
Ճանապարհին մի գայլ պատահեց.
– Առաջ բարի, մարդ-ախպեր, ու՞ր ես գնում, – հարցրեց գայլը: <<Գնում եմ աստծու մոտ, – պատասխանեց աղքատը, – դարդ ունեմ ասելու>>:
- Դե որ գնաս աստծու մոտ, – խնդրեց գայլը, – ասա մի սոված գայլ կա, գիշեր ցերեկ ման է գալիս սար ու ձոր, ուտելու բան չի գտնում, ասա՛ մինչև ե՞րբ պետք է սոված մնա. որ ստեղծել ես` ինչու՞ չես կերակուր հասցնում:
<<Լա՛վ>>, – ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը: Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն աղջկա:
<<Ու՞ր ես գնում, ախպեր>>, – հարցրեց աղջիկը:
<<Գնում եմ աստծու մոտ>>:
– Երբ որ աստծուն տեսնես, – աղաչեց սիրուն աղջիկը, – ասա այսպիսի մի աղջիկ կա` ջահել, առողջ, հարուստ – բայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրեն – ի՞նչ պիտի լինի նրա ճարը: <<Կասեմ>> – խոստացավ ճամփորդն ու գնաց. պատահեց մի ծառի, որ թեև ջրափին էր կանգնած, բայց չոր էր:
– Ու՞ր ես գնում, ա՛յ ճամփորդ, – հարցրեցչոր ծառը:
<<Գնում եմ աստծու մոտ>>:
– Դե կանգնի՛ր, մի երկու խոսք էլ ես ապսպրեմ – խնդրեց չոր ծառը, – աստծուն կասես, այս ի՞նչ բան է, բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ-ձմեռ չոր եմ մնում. երբ պետք է ես էլ կանաչեմ:
Այս էլ լսեց աղքատն ու շարունակեց ճանապարհը: Այնքան գնաց մինչև գտավ աստծուն: Մի բարձր ժայռի տակ, մեջքը ժայռին դեմ տված, ալևոր մարդու կերպարանքով նստած էր աստվածը:
– Բարի օր, ասաց աղքատն ու կանգնեց աստծու առաջին:
– Բարով եկար, – պատասխանեց աստված, – ի՞նչ ես ուզում:
<<Էն եմ ուզում, որ ամեն մարդի էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես, մյուսին խավար. ես այնքան տանջվում, աշխատում եմ, էլ չեմ կարողանում կուշտ փորով հաց գտնեմ, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չեն աշխատում, հարուստ ու հանգիստ ապրում են>>:
– Դե գնա, հիմի կհարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելի՛ր, – ասաց աստված:
<<Էլ բան ունեմ ասելու, տեր>>, – ասաց աղքատն ու պատմեց սոված գայլի, սիրուն աղջկա ու չոր ծառի ապսպրանքը:
Աստված բոլորի պատասխանը տվեց, և աղքատը շնորհակալություն արավ ու հեռացավ:
Վերադարձին պատահեց չոր ծառին:
– Ինձ համար ի՞նչ ասաց աստված, – հարցրեց չոր ծառը:
<<Ասաց, քո տակին ոսկի կա. մինչև այդ ոսկին չըհանեն, որ արմատներդ հողին հասնի, դու չես կանաչիլ>>, – պատմեց մարդը: – Էլ ու՞ր ես գնում. արի՛ոսկին հանիր էլի, համ քեզ օգուտ կլինի, համ ինձ, դու կըհարստանաս, ես էլ կըկանաչեմ:
<<Չէ՛, ես ժամանակ չունեմ, շտապում եմ>>, – պատասխանեց աղքատը, <<աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ>>, – ասաց ու գնաց:
Հետո սիրուն աղջիկը պատահեց ու ճամփորդի առաջը կտրեց.
– Ի՞նչ լուր բերիր ինձ համար:
<<Աստված ասաց` դու պիտի քեզ համար մտերիմ կյանքի ընկեր գտնես, այն ժամանակ էլ տխուր չես լինիլ, ուրախ ու երջանիկ կըլինես>>:
- Դե որ այդպես է, արի՛ դու եղիր իմ կյանքի մտերիմ ընկերը, – թախանձեց աղջիկը ճամփորդին:
<<Չէ՛, ես քեզ ընկերակցելու ժամանկ չունեմ, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ>>, – ասաց աղքատն ու հեռացավ:
Ճանապարհին սպասում էր սոված գայլը, հեռվից հենց որ տեսավ ճամփորդին, վազեց առաջը կտրեց:
- Հը, աստված ի՞նչ ասաց:
<<Ախպեր, աստծու մոտ գնալիս քեզնից հետո մի սիրուն աղջիկ ու մի չոր ծառ էլ պատահեցին. աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն էլ թե` ինչու՞ է գարուն, ամառ չոր: Աստծուն պատմեցի, ասաց – աղջկանն ասա իրան համար մի կյանքի ընկեր գտնի – կըբախտավորվի, ծառին էլ ասա, քո տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին հանեն, արմատներդ հողին հասնեն, որ կանաչես: Եկա իրանց պատմեցի աստծու խոսքերը. ծառն ասաց, դե արի հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր: Ասացի, չէ՛, ախպեր, չեմ կարող, աստված ինձ բախտ է տվել, պետք էգնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ>>:
- Իսկ ինձ համար ի՞նչ ասաց աստված, – հարցրեց սոված գայլը:
<<Քեզ համար էլ ասաց` սոված ման կգաս` մինչև մի անխելք մարդ կըգտնես, կուտես, կըկշտանաս>>:
- Էլ քեզանից անխելք մարդ ո՞րտեղից գտնեմ, որ ուտեմ, – ասաց գայլն ու կերավ անխելք աղքատին:


Источник: http://vardanlibrary.wordpress.com/
Категория: Сказки, рассказы, истории. | Добавил: CestMoi (23 Сен 2012)
Просмотров: 1772 | Теги: Անխելք մարդը, Հովհաննես Թումանյան, Հովհաննես Թումանյան – Անխելք մարդը, Ованес Туманян, рассказы Ованеса Туманяна | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Форма входа
демотиваторы на фр
Поиск
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz

  • Copyright MyCorp © 2025 | Бесплатный конструктор сайтовuCoz